Ուֆայի փողոցներում զբոսնող ուղտը զարմացրել է քաղաքի բնակիչներին: ՏԱՍՍ-ի փոխանցամբ, կենդանաբանական այգուց փախած Յաշա անունով ուղտին կարճ ժամանակ անց հետ են վերադարձրել:

Ուղտը փախել է վախից, երբ գորշ արջը դուրս է եկել վանդակից ու սկսել շրջել այգում: Արջին քնեցրել ու տարել են իր ազատավանդակ: Իսկ ուղտը փախել է կենդանաբանական այգուց եւ զբոսնել քաղաքում:

Այգու տնօրեն Վլադիմիր Այվազյանի խոսքով, տեղի ունեցածում արտասովոր ոչինչ չկա: «Անթալիայի եւ Թայլանդի քաղաքների փողոցներում տասնյակ ուղտեր են շրջում: Չեմ հասկանում իրարանցման պատճառը, առավել եւս, որ կենդանիները վերադարձվել են կենդանաբանական այգի եւ ոչ ոքի չեն վնասել: Ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է նա: