Վրաստանում մտահոգված են «Գազպրոմ»-ի հետ կառավարության կուլիսային գործարքների առիթով: Այս մասին Թբիլիսում կայացած «Գազպրոմ»-ը՝ որպես Մոսկվայի կողմից Հարավային Կովկասի երկրների վրա ճնշման լծակ» թեմայով քաղաքացիական քննարկումների ժամանակ հայտարարել է GIPA-ի պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն:

Բանակցությունները հանրությանն անհանգստացրել են, քանի որ փակ են ընթացել: Շարաշենիձեի խոսքով, այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդարձավ, թե «Գազպրոմ»-ն ինչ է պայմանավորվել Թբիլիսիի հետ:

Նրա խոսքով, անհանգստության համար նախադեպ Վրաստանում կա. 2005 թվականին «Գազպրոմ»-ը բարձրացրեց երկրին մատակարարվող գազի գինը, իսկ 2006-ի սկզբին Հյուսիսային Կովկասում պայթեց Ռուսաստանից Վրաստան եկող գազատար խողովակաշարը, եւ վերանորոգման աշխատանքները շաբաթներ տեւեցին: Ըստ Շարաշենիձեի, սա է նաեւ պատճառներից մեկը, որ Վրաստանը միացավ Ադրբեջանից Թուրքիա ձգվող էներգետիկ միջանցքներին: