Մոսկվայում, մարտի 27-ին, տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը վարել է նախաձեռնության հեղինակ , «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Հայկական վերածնունդից» NEWS.am-ին հայտնում են, որ համագումարին ներկա են եղել ինչպես ռուս, այնպես էլ հայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտության ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ եւ «Հայկական վերածննդին» բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Միացյալ ռուսաստան» կուսակցության եւ ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող համառուսաստանյան «Ժողովրդական ճակատ» շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը, ով շեշտեց, որ Ռուսաստանում բարձր են գնահատում նման կազմակերպության դերը երկկողմ համագործակցության ու հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման գործ ու համոզմունք հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանի այս նախաձեռնությունը իր արդյունավետ գործունեությունը կծավալի ամբողջ Ռուսաստանում:
«Հայկական վերածննդին» իր ողջույնի խոսքը ուղղեց նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնը` նշելով, որ հայ-ռուսական դարավոր մշակութային կապերն ու հարուստ ժառանգությունը իսկապես վերածննդի աղբյուր են: Պատմական գիտությունների դոկտր, պրոֆեսոր, Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի իսկական անդամ , ակադեմիկոս Լեոնիդ Իոֆեն իր ելույթում անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` շեշտեց, որ այս ժամանակահատվածում շատ կարեւոր է անվտանգության ոլորտում մեծ փորձ ունեցող գործչի` Արթուր Բաղդասարյանի կողմից նման կազմակերպության հիմնումը: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բլադիմիր Ցոյը իր ելույթի խոսքում համոզմունք հայտնեց, որ ստեղծված կազմակերպությունը , իր նշանակալի դերը կունենա հայ ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման վրա:
Ելույթով հանդես եկավ նաեւ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով ողջունելով ներկաներին նշեց, որ իսկապես` այսօր Հայաստանը եւ հայ ազգը վերածննդի կարիք ունեն ու այդ նպատակի համար անհրաժեշտ է , որպեսզի ամբողջությամբ ու արդյունավետ օգտագործվի այն ներուժը, որն ունի հայ ժողովուրդն ինչպես հայրենիքի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Հիմնադիր համագումարի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների հաստատման` համաձայն որի ձեւավորվեցին տարբեր ոլորտներ ներառող 20 մշտական գործող կոմիտեներ, ընտրվեցին դրանց ղեկավարները, ձեւավորվեց կազմակերպության կառավարման խորհուրդը:Համագումարը նաեւ միաձայն որոծում կայացրեց ստեղծել կազմակերպության «Գործարար ակումբ» եւ Բարեգործական հիմնադրամ, որտեղ եւս ներգրավվեցին թե′ հայազգի եւ թե′ ռուս գործարարներ, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Համագումարի ավարտին ընդունվեց «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության եզրափակիչ հայտարարությունը:


































