Մարտի 28-ին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարեւոր կառույցներից է` ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի եւ միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու: ՀՀ Նախագահը շրջել է գրադարան-թանգարանում, ծանոթացել ցուցադրանյութին, մշակութային այս հաստատության գործունեության վերաբերյալ զրուցել պատասխանատուների հետ: Հանրապետության Նախագահը գրադարան-թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը:
Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին: Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արեւելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է: Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաեւ «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» եւ «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները: ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում է գտնվում նաեւ կուսակցության արխիվը, որտեղ պահվում են 1918-1920 թվականների Հայկական առաջին հանրապետության եւ դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութերը: Կենտրոնում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահը ողջունել եւ հավասարապես կարեւորել է ավանդական կուսակցությունների ազգանվեր գործունեությունն ու մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել է նաեւ Բոստոնի Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Ի դեպ, 1991թ. Ուոթերթաունի հայկական համայնքի առաջարկով, Սուրբ Ստեփանոս եկեղեցու փողոցը վերանվանվել է «Արցախ», իսկ 2012թ․ օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որով կոչ էր անում ԱՄՆ Նախագահին եւ Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության եւ ինքնորոշման իրավունքին:
Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելությամբ մարտի 28-ին ավարտվել է ՀՀ Նախագահի աշխատանքային այցի առաջին օրը: Սերժ Սարգսյանը եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ ընդգծել է հայոց եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը հայապահպանության գործում` չափազանց կարեւոր համարելով այդ պատմական առաքելությունը:
.jpg)
.jpg)
.jpg)
































