Հայաստանում մեկնարկել է մի նախաձեռնություն, որի նպատակն ինքնուրույն գործ հիմնել ցանկացող երիտասարդներին աջակցելն է։ Ստեղծվում է Համահայկական «Սթարթ ափ» հիմնադրամ (PASF-  PanArmenian StartUp Foundation), որն օժանդակելու է նորաստեղծ ընկերություններին։ Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ շատ հայ երիտասարդներ ներկայումս չեն համարձակվում հիմնել ընկերություն: Դրա պատճառները տարբեր են, սկսած հարկային մարմինների հետ հարաբերություններից, վերջացրած տնտեսական դաշտի բարձր ռիսկայնությամբ։ Իր դերն է խաղում նաեւ մենեջմենթի ցածր որակը։ Երիտասարդներն ուսումն ավարտելուց հետո, իրենց ապագան փորձում են կապել որեւէ կայուն ընկերության հետ, հատկապես բարձր են գնահատվում արտասահմանյան ընկերության մասնաճյուղերը, որտեղ կարող են համեմատաբար լավ գումար վաստակել։ Մյուս տարբերակն արտերկիր մեկնելն է։ 

Հիմնադրամի հիմնադիրներից Արիկ Շահումյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամն աշխատելու է երեք հիմնական ուղղություններով։ Նախեւառաջ օգտագործվելու է սփյուռքի ներուժը՝ ապահովելով նորաստեղծ ընկերությունների համար արտասահմանյան պատվերներ ու նախագծեր:

«Հայաստանում բնակվող երիտասարդները չեն կարող մասնակցել արտերկրում տարբեր դրամաշնորհների եւ վենչուրային կապիտալով հիմնադրամների մրցույթներին, այդ իսկ պատճառով, օրինակ՝ Հարվարդում սովորող ուսանողը այնտեղ զբաղվելու է մարկետինգային հարցերով, իսկ Հայաստանում բնակվող երիտասարդները, ծրագրերի իրականացմամբ՝ Հայաստանում»,- ասաց Ա. Շահումյանը։

Հիմնադրամի գործունեության հաջորդ ուղղությունը նոր գաղափարների եւ նորաստեղծ ընկերությունների տվյալների բազայի ստեղծումն է։ Այն կնպաստի միջազգային մրցույթների ժամանակ առաջարկներ ներկայացնելուն, վենչուրային կապիտալով հիմնադրամներից ֆինանսավորում ստանալուն։

Երրորդ ուղղությունը՝ Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների ներգրավվումն է, որոնք ներդրումներ կատարելով նորաստեղծ ընկերություններում (օրինակ՝ բաժնետեր դառնալով), կարող են հետագայում գումարներ վաստակել։ Հիմնադրամի առաջարկած ծրագրերը եւ գաղափարները իրատեսական դարձնելու եւ հայ գործարարների ու արտասահմանյան վենչուրային հիմնադրամների վստահությունը նվաճելու համար հիմնադրամը դառնալու է նոր գաղափարների եւ նախագծերի երաշխավորը։

«Հիմնադրամը հանդիսանալու է հիմնական երաշխավորը ֆինանսական առումով, ինչը առավել վստահելի ու գրավիչ կդարձնի ներդրումները»,-ասաց Ա. Շահումյանը։ 

Նշենք, որ PASF (PanArmenian StartUp Foundation)-ը հիմնադրվել է հայաստանյան չորս նորաստեղծ ընկերությունների ղեկավարների ջանքերով՝

Արիկ Շահումյանը (Shahumyan Media), Արման Աթոյանը(X-TECH), Դավիթ Գրիգորյանը (Flexible Applications) եւ Խաչիկ Գևորգյանը (ARMACAD)։