Հայաստանում քաղաքական երկխոսություն եւ բանավեճ կարող է տեղի ունենալ այն ժամանակ եւ այն հաճախականությամբ, ինչպես կորոշի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին սեպտեմբերի 23-ին «Քաղաքական բանավեճը Հայաստանում. Կայացման խոչընդոտները եւ հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ եթե անգամ Հայաստանում կա բանավեճ, ապա այն հաստատ քաղաքական չէ: «Որպեսզի տեղի ունենա քաղաքական բանավեճ, դրա համար նախ անհրաժեշտ է երկխոսություն: Եթե քաղաքական ուժերի միջեւ չկա երկխոսություն, ապա ոչ միայն բանավեճի, այլ նաեւ շատ այլ բաների մասին խոսելը դառնում է ավելորդ»,-նշեց նա:
Սաֆարյանը որպես օրինակ նշեց «Ժառանգություն» կուսակցության կողմից մի քանի ամիս առաջ քաղաքական ուժերին ուղղված առաջարկը՝ ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ կլոր սեղան կազմակերպելու վերաբերյալ: Այդ նախաձեռնությունը տապալվեց, քանի որ կուսակցություններն, առանց հիմնավոր պատճառներ նշելու, մերժեցին այն: «Այն, ինչը հաջորդեց այդ առաջարկին, պարզապես այլ բառ չեմ գտնի ասել, քան զավեշտ»,-նկատեց Սաֆարյանն ու հավելեց. «ՀՀԿ-ական մեր գործընկերներն ասացին, որ դուք չափազանցնում եք, քանի որ պատերազմի ռիսկ չկա Հայաստանի համար, հետեւապես երկխոսելու կարիք էլ չկա: Հանրապետության նախագահը մարզահամերգային համալիրում քաղաքական քննարկումներ է կազմակերպում, եւ եթե կարիք լինի, նորից կհրավիրի, իսկ ՀԱԿ-ն էլ պատասխանել է, թե «Ժառանգությունը» նման առաջարկ անելով՝ փորձում է իր իմիջի հարցը լուծել»:
Նա նշեց, որ բանավեճերի խոչընդոտման գլխավր պատճառներից մեկը եթերի փակ լինելն է: Ըստ նրա՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի համար բազմաթիվ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան՝ հայ-թուրքական արձանագրություներ, ռազմաբազաների ժամկետների երկարաձգում, ԼՂ խնդրի շուրջ ի հայտ եկած զարգացումներ, սակայն այս ընթացքում հիշյալ թեմաների շուրջ որեւէ բանավեճ եթերում տեղի չունեցավ: Պատճառն, ըստ պատգամավորի, իշխանությունների մեջ է: «Իշխանությունը շահագրգռված է, որ ընդդիմության այլընտրանքային տեսակետները հասու չլինեն հասարակությանը, եւ հասարակությունը լինի մեկ կարծիքի հասարակություն եւ նրան պարտադրվի այդ մեկ կարծիքը, որը հետագայում որակվում է որպես հաղթողական դիրքորոշում»,-նշեց նա:
Մինչ այժմ, պատգամավորի դիտարկմամբ, ընտրական ժամանակաշրջանում մեկ անգամ է բանավեճ ծավալվել՝ 2003 թվականի ընտրությունների ժամանակ: «Սա նորմալ երեւույթ համարել չի կարելի»,-ամփոփեց Սաֆարյանը:




























