Իլհամ Ալիեւի գլխավորած կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունում շարունակվում է պառակտումը: Մինչ ադրբեջանական հեռուստա- եւ ռադիոալիքներով խոսում են հերթական «նվաճումների» մասին, վարչախմբին ավելի քիչ ենթարկվող ինտերնետային ռեսուրսները արդեն ի վիճակի չեն թաքցնել ներկուսակցական ճգնաժամի տեղեկությունը:
Կուսակցության մամուլի քարտուղար Հուսեյն Փաշաեւը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, որ եթե «Ենի Ազերբայջանի» որոշ ազդեցիկ ներկայացուցիչները շարունակեն ինքնուրույն առաջադրվել մի շարք տեղամասերում, նրանց կհեռացնեն կուսակցության շարքերից: «Կուսակցության որոշումը յուրաքանչյուր անդամի համար վերջնական է եւ պետք է կատարվի»,- ասել է Փաշաեւը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել կառավարող կուսակցության պատգամավորական թեկնածուների ցուցակը, որտեղ չեն հայտնվել ներկայիս գումարման 18 պատգամավորներ: Կառավարող կուսակցությունը դա բացատրել է ապագա խմբակցությունը երիտասարդացնելու ցանկությամբ:
Բացի այդ, կառավարող կուսակցության որոշ անդամներ, ի հեճուկս «Ենի Ազերբայջանի» ղեկավարության, իրենց թեկնածություններն են առաջադրել պաշտոնական հավակնորդների դեմ:
Հաշվի առնելով Ադրբեջանի իրողությունները՝ չի բացառվում, որ առաջիկայում «անհնազանդ» կուսակցականները ալիեւյան կլանի ճնշման տակ ստիպված լինեն հանել իրենց թեկնածությունը, բայց պառակտման բուն փաստը աննախադեպ է Ադրբեջանի կառավարող կուսակցության պատմության ընթացքում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին:





























