Իշխող կոալիցիայի մեջ մտնող «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ տարաձայնություններ չկան։ Այս մասին հավաստիացնում են կուսակցության ներկայացուցիչները։ Սակայն օր չի լինում, որ կուսակցությունների այս կամ այն գործչի կողմից արված հայտարարությունը սուր արձագանք չառաջացնի։
Օրինակ, նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել էր, որ իշխող կոալցիայում չկան տարաձայնություններ եւ որ ՀՀԿ-ն չի ձգտում թուլացնել «Բարգավաճ Հայաստանին», իսկ եթե ցանկանար, հաստատ կկարողանար թուլացնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող թուլացնել «Բարգավաճ Հայաստանին»։ Իսկ նույն կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին խնդրել է իր կոալիցիոն գործընկերներին կոռեկտ եւ զուսպ լինել ԲՀԿ-ի հասցեին արվող իրենց հայտարարություններում։
Նա նաեւ վրդովվել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զորաբյանի արած հայտարարությունից, թե ՀՀԿ կարողէ թուլացնել «Բարգավաճ Հայաստանին»։
«Յուրաքանչյուր կուսակցության դիրքն ու դերը քաղաքական ասպարեզում որոշում է ժողովուրդը, իսկ եթե Զոհրաբյանը հայտարարում է, որ դա կախված է ՀՀԿ-ից, նշանակում է, որ նա լավ կարծիք չունի ժողովրդի մասին»-հայտարարել է Զոհրաբյանը։
Իր հերթին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վրդովված է ԲՀԿ-ի ներկայացուցիչների եւ, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանի բուռն արձագանքից։
«Ռազմիկ Զոհրաբյանն ընդամենը մեկ անգամ եւս արձանագրել է, որ իշխող կոալիցիայի շրջանակներում չկան տարաձայնություններ եւ որ Հանրապետական կուսակցությունը, լինելով ուժեղ կուսակցություններից մեկը եւ խորհրդարանում մեծամասնություն կազմելով, չի ուզում թուլացնել իր կոալիցոն գործընկերոջը` ԲՀԿ-ին եւ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Այնպես որ «Բարգավաճ Հայաստաանի» կողմից նման բուռն արձագանքների համար առթիներ ես չեմ տենում»-հավելել է Շարմազանովը։




























