Այս պահի դրությամբ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում դիտարկվում են էլեկտրոնային քվեարկության ներդրման եւ մատների թանաքոտման հարցերը: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա մասնակցում է Հայաստանի Ընտրական օրենգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով կազմակերպված առաջին հանդիպմանը, որը, ի դեպ, վերածվել է «6+3+4»-ի:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում քննարկված առաջին հարցը վերաբերել է ընտրատեղամասերում տեսահսկման խցիկների տեղադրման պահանջին: Մարգարյանը նաեւ նշեց, որ աշխատանքային քննարկման օրակարգը «5+1+1»-ն է: Պատգամավորը պարզաբանեց. նախորդ 5 պահանջներին ավելացել են եւս 2-ը՝ «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից:
«Օրինաց երկիր»-ը հանդես է եկել սկզբունքային առաջարկությամբ, այն է՝ ընտրությունների արդյունքներն ամփոփել ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ն առաջարկել է էլեկտրոնային քվեարկություն ներդնել:
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպման սկզբում առաջարկել էր այսօրվա հանդիպումը նվիրել օրակարգի ձեւավորմանը: Նա ներկաներին ընթացակարգի նախագիծ էր բաժանել, որում առաջարկվում է այս ձեւաչափով 7 նիստ անցկացնել՝ շաբաթական երկու անգամ: Սակայն առաջարկված ընթացակարգը չի ընդունվել:





























