Հայաստանի Ազգային ժողովի շենքում ավարտվել է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը: NEWS.am-ի խորհրդարանական թղթակցի փոխանցմամբ, հանդիպումն ավելի քան 3 ժամ է տեւել:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով, նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 1-ին, ժամը 17:30-18:00-ին:
Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հասարակական հատվածը ներկայացնում էին «Transparency International»-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, իրավապաշտպաններ Տիգրան Եգորյան ու Արտակ Զեյնալյանը, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստ Դանիել Հովհաննիսյանը:





























