Բանակցություններ են սկսվել, որոնք շատ դժվար են ընթանում: Մարտի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, դա բնական է: «Վստահ չեմ, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, բայց սկզբում այդպես էլ լինում է, դիրքորոշումները շատ խիստ են լինում: Չեմ կարող կանխատեսել, արդյո՞ք հնարավոր է դիրքորոշումների մերձեցում: Ներկայում ես այդպիսի բան չեմ տեսնում, բայց չեմ ուզում նաեւ բացառել, որ այս բանակցություններն ինչ-որ արդյունքի կհանգեցնեն: Սա փոխզիջման հասնելու փորձ է: Չեմ կարծում, որ դա դյուրին գործընթաց է»,- ընդգծեց Զուրաբյանը:

Ներկայում, ըստ նրա, խնդիրն այն է, արդյո՞ք հնարավոր կլինի որեւէ արդյունքի հասնել: «Առայժմ վաղ է խոսել այդ մասին: Եվս 2-3 փուլ, եւ հնարավոր կլինի հստակ ասել, կոնկրետ արդյունքների կհասնենք, թե՝ ոչ»,- հավելեց ընդդիմության ներկայացուցիչը: