Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ զիջումների մասին խոսք լինել չի կարող, քանի որ կողմերը փորձում են ընդհանուր տեսակետներ ձեւավորել: Մարտի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչը կարելի է համարել որպես քննարկման արդյունք, Հարությունյանը նշեց. «Քննարկումները: Մենք քննարկեցինք որոշակի բովանդակային հարցեր, սակայն հենց սկզբից մի շարք հարցերի շուրջ փոխզիջման չհասանք: Վերջնական որոշում չկա, մենք դեռեւս կարծիքներ չենք փոխանակել տեսահսկման խցիկների տեղադրման, մատների թանաքոտման, մատնահետների օգտագործման հնարավորության շուրջ»:





























