Հայաստանի Հարկային օրենսգրքում անհատ ձեռներեցների եկամտահարկը կհավասարեցվի բիզնեսի համար շահութահարկին: Այդ մասին մարտի 31-ին Հայաստանի կառավարության նիստին հայտնել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը` ներկայացնելով նոր Հարկային օրենսգրքի նախագիծը: Շաբաթվա ընթացքում նախագիծը վերջնական լրամշակում կանցնի, հետո կմտնի խորհրդարան:
«Դրույքների հավասարեցումը կնշանակի մասնավոր բիզնեսի համար հարկային բեռի նվազեցում», - հավելել է Միրումյանը:
Նշենք, որ Հայաստանում եկամտահարկը 20 տոկոս է կազմում, իսկ անհատ ձեռներեցների համար եկամտահարկը` 24,4 տոկոս տարեկան մինչեւ 1 մլն 440 հազար դրամ եկամտի դեպքում (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 2960 դոլար) եւ 26 տոկոս` այդ թիվը գերազանցող մասից: Այս տարբերությունն անհատ ձեռներեցների համար հնարավորություն էր ստեղծում խոշորների հետ պայմանավորվել ձեւական հաշիվ-ապրանքագրեր դուրս գրելու շուրջ` հետեւյալ սխեմայի համաձայն. հաշիվ-ապրանքագիրը մտնում է իրավաբանական անձի շրջանառության մեջ (եւ հարկային բազա) եւ կրճատում է անհատ ձեռներեցի հարկային բեռը: Դրան ի երախտագիտություն, վերջինս իրավաբանական անձին է փոխանցում հարկի 20 տոկոսը, իսկ իր եւ նրա հարկերի տարբերությունը (այսինքն` 20 տոկոսի եւ 24,4 կամ 26 տոկոսի արանքում) իրեն է պահում:





























