Խորհրդարանի լիագումար նիստին Հայաստանի ընտրական օրենքի նախագծի քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ շաբաթ: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:   

Անդրադառնալով այն հարցին, որ առայժմ չկա Հայաստանի ԸՕ-ի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, Սահակյանը նշել  է. ԱԺ-ում քննարկումը մեծ մասամբ կախված է տարբեր ձեւաչափերում քննարկումների ընթացքից, աշխատանքային խմբում տարբեր առաջարկների ամփոփումից: «Օրինակ, մարտի 18-ի խորհրդարանական քննարկումների ըհթացքում մենք բավականին արժեքավոր առաջարկներ ենք ստացել, որոնք քննարկում ենք: Այժմ մենք պիտի փորձենք առավելագույնս իրացնել դրանք: Եթե չհասցնենք, օրինակ, մինչեւ ուրբաթ ապրիլի 1-ը, մինչեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը քննարկել գոնե 50 տոկոսից ավելին, գուցե եկող շաբաթ տեղափոխենք Ընտրական օրենքի նախագծի ներկայացումը», - նշել է Հովհաննես Սահակյանը: Իհարկե, հավելել է պատգամավորը,  այդ քննարկումների կազմակերպման համար շատ կարեւոր է նաեւ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: 

Նշենք, որ ԸՕ-ի նախագծի քննարկումն ակնկալվում էր ապրիլի 4 – 7-ի քառօրյայի ընթացքում: Եթե այն մի շաբաթով հետաձգվի, անհրաժեշտ կլինի Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրել: