Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպմանը, որի ընթացքում նախատեսված է քննարկել նավթի արդյունահանման մակարդակի համատեղ սառեցումը, իր մասնակցությունը հաստատել է 12 երկիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` մեկնաբանելով  Bloomberg-ի տվյալները:

Մարտի 31-ին Էկվադորի նավթային արդյունաբերության նախարար Կառլոս Պարեհա Յանուցելլին նախարարության   Twitter-ում հայտնել է, որ դրական է տրամադրված Դոհայում հանդիպման արդյունքների առումով:  «Նավթարդյունահանող ոչ մի երկիր պատրաստ չէ դիմանալ ընթացիկ գներին», — նշել է նա:

Փետրվարի 16-ին Դոհայում նախորդ հանդիպմանը Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Վենեսուելան պայմանավորվել էին 2016-ին նավթի արդյունահանումը հունվարի մակարդակում պահելու մասին: Բայց նրանք նման քայլի կդիմեն, եթե մյուս բոլոր արտադրողները միանան նախաձեռնությանը: Նման պատրաստակամություն հայտնած երկրների թվում են Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն:   

Իրանն իր հերթին հայտնել է, որ պատրաստ կլինի այլ երկրների հետ համագործակցել այն բանից հետո, երբ նավթի իր արդյունահանումը հասնի օրական  4 մլն բարելի մակարդակի: Լիբիան ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ  սառեցնել իր արտադրությունը եւ չի մասնակցի համաշխարհային նավթարդյունահանողների նիստին:     

Ապրիլի 17-ին Դոհայում նավթարդյունահանող երկրների հանդիպում է սպասվում ընդլայնված ձեւաչափով: Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ նոր հանդիպմանը նախնական մասնակցությունը հաստատել է մոտավորապես 15 երկիր: Միաժամանակ ռուսաստանցի նախարարը հույս ունի, որ այդ թիվը կարող է ավելի մեծ լինել: