Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամը «Նոյան տապան» հրատարակչատան հետ համատող հանդես են եկել «Հայերը՝ հանուն բարգավաճ Աբխազիայի» անվանումով նոր նախաձեռնությամբ:
Հիմնադրամի նախագահ Ամրամ Պետրոսյանի խոսքով, ամբողջ աշխարհի հայերն ուշադիր հետեւում են Աբխազիայում տիրող իրավիճակին: «Դա վերաբերում է կենսագործունեության բոլոր ոլորտներին: Պատճառը հասկանալի է. աբխազ եւ հայ ժողովուրդների պատմությունը միահյուսված է դարավոր բարեկամության թելերով եւ ոչ ոք չի կարող ասել, որ աբխազ ժողովուրդը խախտել է այդ բարեկամությունը»,- ընդգծել է Ամրամ Պետրոսյանը:
Ըստ նրա, դրա վկայությունն են Աբխազիայի հայկական եկեղեցին, բազմաթիվ հայկական դպրոցները, հայկական ավանդույթների եւ արժեքների հանդեպ հարգանքը: Ամրամ Պետրոսյանն Աբխազիան տեսնում է բարգավաճող, ուժեղ, առնական ժողովրդով, որն անկախության եւ իր պետականությունն ունենալու իրավունք ունի:
«Անկախության համար պայքարի տարիներին հայերն աբխազ ժողովրդի կողքին էին: Մենք շատ ենք ցանկանում, որ Աբխազիան եւ աբխազ ժողովուրդը բարգավաճեն: Մենք կաշխատենք Աբխազիայի քաղաքացիական հասարակության եւ ղեկավարության հետ՝ տարբեր ոլորտներում նախագծերի իրականացման առումով: Երբ հայերի համար դժվար ժամանակաշրջան էր, աբխազներն ընդունեցին մեզ եւ նոր կյանք սկսելու հնարավորություն տվեցին: Հիմա մենք՝ հայերս, պետք է նույն կերպ պատասխանենք: Ես ամբողջ աշխարհի հայերին կոչ եմ անում համակողմանի օգնություն ցուցաբերել Աբխազիային: Աբխազիային ուղղված մեր օգնությունն իմաստնության եւ մեծահոգության ակտ է»,- Ամրամ Պետրոսյանի խոսքերն է մեջբերում Novostnik.ru-ն:




























