Հունգարիայի հայ ազգային ինքնավարության ֆինանսավորմամբ 9-րդ անգամ հունգարերենով վերահրատարակվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ինքնավարության ղեկավարի տեղակալ Ալեքս Ավանեսյանը նշեց, որ ինքը 2-րդ անգամ է գիրքը հունգարերենով հրատարակում:
«Ֆրանց Վերֆելի գիրքը ճանաչված է բոլորի համար: Առաջին անգամ այն հունգարերենով լույս է տեսել 1933թ.-ին: Այս ամբողջ ընթացքում գիրքը Հունգարիայում հրատարակվել է 9 անգամ: Նախավերջին անգամ՝ 1997թ., նորից ես եմ հրատարակել: Գիրքը լույս է տեսել 2500 օրինակով»,- ասաց Ալեքս Ավանեսյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հունգարահայ համայնքը որոշել էր գիրքը վերահրատարակել խորհրդանշական 100 օրինակով. «Գիրքը վերահրատարակել ենք ընտիր օրինակով. բովանդակությունը նույնն է, սակայն ապակյա կազմով է: Հունգարիայում բնակվում է մի նկարչուհի, որն ապակու վրա հայկական էսքիզներ, մանրանկարներ է անում: Որոշեցինք, որ ինքը կազմերի վրա մանրանկարներ անի»:
Գրքի 100 օրինակը հեղինակները մտադիր են նվիրել Հայաստանի ու Հունգարիայի թանգարաններին, գրադարաններին:





























