Չեչնիայի նախագահի ժ.պ. Ռամզան Քադիրովը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանի։ Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Իսկ ո՞վ է ավելի արժանի։ Մերկե՞լը, Օբամա՞ն»,- ասել է Քադիրովը՝ պատասխանելով հարցին, թե ում կցանկանար նա հանձնել այդ մրցանակը։

Նրա խոսքով՝ լավագույն քաղաքագետները, գիտնականներն ու ինստիտուտները չեն կարող հասնել ՌԴ նախագահին։ «Նա այնպիսի ուժեղ ռազմավարություն ունի, նրա ուղեղը այնպես է աշխատում, այնպիսի որոշումներ է կայացնում, որ միայն տաղանդավոր մարդը կարող է»,- գովերգել է Պուտինին Քադիրովը։

Չեչնիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի պետություն է ոչնչացրել եւ հարյուր հազարավոր մարդկանց է սպանում, բայց խոսում է ժողովրդավարությունից։