Հայաստանում 3 հազար մարդու օգնությամբ եւ առավելագույնը 1 մլն դոլարով հնարավոր է ընտրողների երկու ցուցակ կազմել՝ Հայաստանում գտնվող եւ երկրից բացակայող քաղաքացիների: Այս մասին ապրիլի 1-ին իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, 3-ական հոգուց բաղկացած հազար խմբեր մեկ ամսվա ընթացքում շատ հանգիստ կարող են շտկել ընտրացուցակները (ընդ որում, նրանցից մեկը պետք է իշխանության ներկայացուցիչ լինի, քանի որ մասնագիտական պատրաստվածության հարց կա): «Կարծում ենք, որ սա միասնական նախագծի իրականացման միջոցով փոխզիջման հասնելու լուրջ միջոց է»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ 5 տարի առաջ իրենք մանրամասն ուսումնասիրել են Վրաստանում ընտրացուցակների շտկման ուղղությամբ կատարված բարեփոխումը: «Այդ գործին 11.200 մարդ էր ներգրավվել, 2.5 մլն դոլար ծախսվել: 3-ական անձից կազմված խումբը՝ ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տնից տուն էին գնում, յուրաքանչյուր խումբն այցելում էր 320 ընտանիքի: Մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացան շրջել ամբողջ Վրաստանով»,- նշեց Արամ Մանուկյանը:

Մինչեւ այս բարեփոխումը, ըստ Մանուկյանի, Վրաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը կազմում էր 35%, դրանից հետո՝ արդեն 96%: «Դա ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման լավ միջոց է»,- եզրափակեց պատգամավորը: