Բելառուսի համար ռուսական գազի գինը պետք է կազմի 1.000 խ.մ.-ի դիմաց 80 դոլար՝ այժմյան 142 դոլարի փոխարեն: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:

«Անցյալ տարի երկու երկրների միջեւ ազգային արժույթներով արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 82%: Ռուսաստան Բելառուսի արտահանումը 100%-ով իրականացվում է ռուսական ռուբլով: Ներկրումը նույնպես ռուսական ռուբլով է իրականացվում: Բայց էներգակիրները դոլարով ենք գնում»,- պարզաբանել է Կոբյակովը՝ հավելելով. «Կարելի է վճարել նաեւ ռուսական ռուբլով, բայց գլխավոր խնդիրն այն է, որ գնագոյացումը կապված է դոլարին»:

Նա նաեւ նշել է, որ հանրապետության համար գազը դոլարով չի էժանացել՝ չնայած ռուսական ռուբլու թուլացմանը:

«2014 թվականի սկզբին գազի 1.000 խ.մ.-ը 165 դոլար արժեր: Դա մեկ դոլարը 32-33 ռուբլի փոխարժեքի ժամանակ էր: 2015 թվականի հունվարի 1-ից մեզ մոտ գազի գինը 142 դոլար դարձավ: Միաժամանակ, դոլարն ավելի քան 60 ռուսական ռուբլի արժեր: Տրամաբանական է, որ հիմա արդեն գազը պետք է շուրջ 80 դոլար արժենա, իսկ մեզ մոտ դեռ 142 դոլար է»,- հայտարարել է Կոբյակովը: