ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցող համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:

Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր մակարդակի նախորդ համաշխարհային հավաքի ժամանակ մշակված համատեղ քայլերի կենսագործման նպատակով իրականացվող աշխատանքները` համաձայն ընդունված Կոմյունիկեի եւ Աշխատանքային պլանի, ինչպես նաեւ նոր մարտահրավերները միասնաբար դիմակայելու, միջուկային ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու, դրանք կանխարգելելու արդյունավետ մեխանիզմները: