ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Մոսկվայում մեկնարկած Արկտիկական համաժողովում:
«Ռուսաստանը մտադիր է վերածնել եւ հզորացնել գիտական ներկայությունը Արկտիկայում. աջակցել ֆունդամետալ ուսումնասիրություններին, նաեւ գիտնականների եւ փորձագետների միջազգային թիմերի մասնակցությամբ»,- Պուտինին մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի վարչապետը նաեւ նշել է, որ կա մտադրություն օգտագործել հզոր գիտական դպրոցներ եւ Արկտիկայում հաջողված հետազոտությունների մեծ փորձ ունեցող ռուսաստանյան առաջատար համալսարանների ներուժը:
Պուտինը նաեւ կարեւորել է տարածաշրջանի խաղաղության եւ համագործակցության գոտու կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ փորձագետների կանխատեսմամբ` արդեն 50 տարի հետո Արկտիկան կարող է դառնալ էներգակիրների գլխավոր աղբյուրներից մեկը եւ մոլորակի առանցքային տրանսպորտային հանգույցը: