Միջազգային ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպության գրոհայինները իրաքյան Մոսուլ քաղաքի համալսարանի լաբորատորիայի հիմքի վրա նոր սերնդի պայթուցիկ սարքերի արտադրություն էին հիմնել, այդ թվում նաեւ` քիմիական ռազմալիցքերի: Այդ մասին գրում է The Wall Street Journal –ը` վկայակոչելով Իրաքում պայթուցիկ նյութերի առաջատար ռազմական մասնագետ գեներալ Խաթեմ Մագսուսիին:
Մագսուսիի խոսքով, գրոհայինները գերօքսիդային ռումբեր եւ մահապարտի գոտիներ էին պատրաստում` այն գոտիների նման, որոնք օգտագործվել են Բրյուսելի եւ Փարիզի ահաբեկչական գործողությունների ընթացքում: Գեներալի տվյալներով, ահաբեկիչները պայթուցիկ էին արտադրում նիտրատների հիմքի վրա: «Մուսուլի համալսարանում է աշխարհում ԻՊ-ի լավագույն հետազոտական կենտրոնը», — ասել է նա, հայտնում է Lenta-ն:
Մասնագետը նշել է, որ Մոսուլում դիվերսանտներ եւ մահապարտներ էին պատրաստում: «Նրանք նախ ուսումնառություն էին անցնում սիրիական Ռաքքա քաղաքում, հետո իրենց հմտությունները կատարելագործում էին համալսարանի բազայում», — հավելել է գեներալը:
Ամերիկյան հակաիլիպյան կոալիցիայի ներկայացուցիչ Սթիվ Ուորրենն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն մի քանի ավիահարված է հասցրել համալսարանի տարածքին, վերջինն իրականացվել է մարտի 19-ին: «Մեզ հայտնի դարձավ, որ ԻՊ-ի գրոհայինները համալսարանի տարածքն օգտագործում են ռազմական նպատակների համար եւ մենք սկսեցինք ռմբակոծել այն», — նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:





























