Ավստրիան նախատեսել է ուժեղացնել Իտալիայի հետ սահմանին Բրեններ ՍՀԱ-ի վերահսկողությունը` զինվորների ներգրավելով ստուգման միջոցառումներում, շաբաթ հայտնում է գերմանական Welt պարբերականը` վկայակոչելով Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Քանի որ ԵՄ-ի արտաքին սահմանները ներկայումս դեռեւս արդյունավետորեն պաշտպանված չեն, Ավստրիան մոտ ժամանակներս սահմանային խիստ վերահսկողություն կմտցնի: Դա նշանակում է Բրեններում զանգվածային սահմանային վերահսկողություն, ինչպես նաեւ զինվորների ներգրավում», — շաբաթ օրը պարբերականին հայտնել է նախարարը: 

Նա հավելել է, որ նման միջոցները նաեւ «Գերմանիայի կենսական շահերից են բխում»:

Նրա խոսքով, վերահսկողության խստացման համար հիմք են ծառայել ԵՄ-Թուրքիա համաձայնագրի հնարավոր հետեւանքները, որի շրջանակում Թուրքիան հետ կվերցնի բոլոր փախստականներին, որոնք Հունաստան են եկել թուրքական տարածքից, իսկ Եվրամիությունը Թուրքիայից օրինական սիրիացի միգրանտների կընդունի  «մեկը մեկի դիմաց» սկզբունքի համաձայն:

Փետրվարի կեսին ավստրիական իշխանությունները ՍՀԱ-ի լրացուցիչ վերահսկողություն են սահմանել, շեշտը հատկապես դնելով  Հունգարիայի, Իտալիայի եւ Սլովենիայի հետ հարավային սահմանների վրա: 

Ներքին գործերի նախարարության տվյալներով, անցած աշունից մինչեւ տարեվերջ իշխանությունները հաշվել են   700 հազար մարդու, որոնք հատել են Հունգարիայի սահմանը: Նրանցից մոտ  90 հազարը դիմել է երկրում ապաստան ստանալու համար: Այս տարի հանրապետության իշխանությունները մտադիր են սահմանափակվել ապաստանի ընդամենը   37,5 հազար ընդունված հայտով: