Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի մասին պայմանագիրը, նրա գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Ֆրանսիայի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը:

Նրա խոսքով՝ ինքը առավոտյան ցավով տեղեկացել է այն մասին, որ Ադրբեջանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ բանակի դիրքերի ուղղությամբ հարձակողական գործողությունների է դիմել:  «Դառնությունից բացի, ինձ զայրացրել է գյուղերի գնդակոծման փաստը, որից զոհվել եւ վիրավորվել են երեխաներ: Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի մասին պայմանագիրը, նրա գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Ֆրանսիայի կողմից»,- ասել է Ռոշբլուանը:

Ֆրանսիացի պատգամավորը նաեւ նշել է, որ պաշտպանում է ԼՂՀ ղեկավարությանը եւ բոլոր արցախցիներին: «Հայտարարում եմ, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են վրդովեցուցիչ: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները, որոնք տարածաշրջանում հանգեցնում են հակամարտության սրման»: