ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի եւ «վեհաժողովական» անցուդարձի վերաբերյալ «Հայոց աշխարհ»-ը զրուցել է ԱԺ Եվրաինտեգրացման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա ասել է, թե հոկտեմբերի 5-ին նախատեսված Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու է նաեւ ՀՀ հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը: «Արդեն իսկ գրեթե միանշանակ է, որ շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադը չի վերընտրվել, այդուհանդերձ ԵԽԽՎ կանոնադրության համաձայն, մինչեւ Շվեդիայի նոր պատվիրակության կազմավորումը նախորդ պատվիրակության իրավասությունները մնում են ուժի մեջ։ Ճանաչելով Լինդբլադին, քաջատեղյակ լինելով նրա մղումներին, համոզված եմ, որ նա անպայման կմասնակցի հոկտեմբերի 5-ի նիստին՝ ավարտին հասցնելու իր սկսած «սուրբ գործը»։
Հարցին, թե տեղյա՞կ է՝ ով է հավակնում նոր համազեկուցողի պաշտոնին, եւ երբ մոնիտորինգի հանձնաժողովը կանդրադառնա այդ հարցին, Զոհրաբյանը պատասխանել է. «Դժվարանում եմ ասել, բայց մենք կպահանջենք, որ Հայաստանի հարցով նշանակվի օբյեկտիվ, անաչառ համազեկուցող, որն անկողմնակալ տեղեկատվություն կներկայացնի հայաստանյան իրավիճակի, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Խորհրդարանական վեհաժողովում կան խիստ հակահայկական տրամադրվածություն ունեցող պատգամավորներ, որոնք ցանկության դեպքում անգամ չեն կարող անաչառ լինել Հայաստանին վերաբերող որեւէ հարցում»։





























