«Ազգ»-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Մինաս Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերին եւ փորձել է պարզել, թե ի՞նչ բացահայտումներ կամ նորություններ ի հայտ եկան այդ գործերի քննումից: «Նախ` թերեւս ամենակարեւորը` Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը եվրոպական դատարանում բարձրաձայնեց` «ԼՂՀ-ն ՀՀ-ի իրավասության տակ չէ, ԼՂՀ-ում եւ նրան հարակից տարածքներում իշխանությունն իրացնում են բացառապես ԼՂՀ իշխանությունները»: Սրանով միայն, հիմնազուրկ է դառնում ադրբեջանական հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Երկրորդ կարեւոր հանգամանքը. իսպանացի դատավորն, ընդունելով փաստորեն ՀՀ-ի առաջ քաշած փաստարկը, հարցնում է ադրբեջանցիներին` «Վերադառնալու համար դուք դիմե՞լ եք Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»:
Այս հարցը մի քանիսի պես, ինչպես արդեն գիտենք, մնացել է անպատասխան, սակայն դրա բարձրաձայնումը, ասել է թեՙ հակամարտության` նաեւ երրորդ ու հիմնական կողմին տեսնելը` այն էլ եվրոպական դատարանում, նախադեպ է: Ի դեպ, ադրբեջանական կողմը նույնպես իր պատասխաններում ընդունում է հայկական կողմի փաստարկը, որ ՀՀ-ն իշխանություն իրացնողը չէ ԼՂՀ տարածքում»: Ըստ պարբերականի` հայկական հայցի քննության ընթացքը այլ բացահայտումներ ի հայտ բերեց: «Ամենակարեւորը` ադրբեջանական կողմը` այդ երկրի կառավարության ներկայացուցչի խոսքերով, հաստատեց. «Հայ փաստականների վերադարձի հարցը ներառված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններում: Ադրբեջանը ճանաչում է հայ փախստականների վերադարձի իրավունքը»:
Երկրորդ հատկանշական բացահայտումը, որն ավելի շատ զավեշտի է նման, հետեւյալն է` «Գյուլիստանը գտնվում է շփման գծում, եւ Ադրբեջանն այնտեղ արդյունավետ վերահսկողություն չի իրականացնում», նշել է ադրբեջանական կողմը: Այսինքն` ինչպե՞ս Ադրբեջանի Հանրապետությունը չի վերահսկում «իր տարածքնե՞րը», եւ ի՞նչ, որ Գյուլիստանը շփման գծում է, Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղը, որտեղ, ի դեպ, մինչեւ օրս կանգուն են ադրբեջանական գերեզմանները, նույնպես շփման գծում է, ՀՀ-ն այնտեղ չի՞ իրականացնում արդյունավետ վերահսկողություն: Իսկ եթե ընդունենք, որ Ադրբեջանն իրոք չի վերահսկում Գյուլիստանը, ապա ո՞վ է դա անում»,-նկատում է թերթը:





























