Ադրբեջանի գործողությունները պետք է միջազգայնորեն դատապարտվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Նրա խոսքով, Բաքուն ակտիվություն ցուցաբերեց ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների սանձազերծման հարցում: «Բայց այստեղ չի կարելի ելնել որեւէ առանձին դրվագից. այն, ինչ հիմա տեղի է ունենում, հարկավոր է վերլուծել համալիր տրամաբանության լույսի ներքո: Իսկ այդ տրամաբանությունն ասում է, որ հակամարտության կողմերից մեկը կանոնավորապես սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ, կանոնավոր կերպով ատելություն էր քարոզում հարեւան ժողովրդի հանդեպ, կանոնավոր կերպով չէր կատարում այն համաձայնություններն ու պայմանավորվածությունները, որոնք պաշտոնապես ստորագրվել են այդ կողմի պաշտոնատար անձանց կողմից»,- նշեց Կազիմիրովը:
Ըստ նրա, դա այն կողմն է, որը հրաժարվել է շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ առաջարկներից՝ լինի դա սահմանագծից դիպուկահարների դուրսբերումը կամ միջադեպերի հետաքննությունը:
«Դա համակարգային վերլուծություն է այն բանի, ինչ տեղի է ունեցել այդ հակամարտությունում արդեն ավելի քան 20 տարի, եւ ցույց է տալիս, թե կողմերից հատկապես ով կարող էր շահագրգռված լինել ռազմական գործողությունների վերսկսմամբ: Արդյո՞ք բնորոշ չէ այն, որ Բաքուն վճռականորեն մերժեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ ուժի չկիրառման մասին առաջարկը: Բաքուն ձեւացնում է, որ 1995 թվականի փետրվարի 4-ին ստորագրված հրադադարի ամրապնդման մասին որեւէ համաձայնագիր չկա»,- ընդգծեց Կազիմիրովը:
«Կցանկանայի հույս ունենալ, որ պատասխանատու անձանց գլխում դեռեւս ռացիոնալության նշույլ կա: Անհրաժեշտ է ոչ միայն ռազմական գործողությունների դադարեցնում պահանջել, այլեւ դատապարտել այն կողմին, որը դիմել է այդ գործողություններին»,- եզրափակեց դիվանագետը:




























