Հայկական կազմակերպություններն ապրիլի 9-ին ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջեւ: Այս մասին ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարածած հայտարարությունում: «Nouvelles d’Armenie» պարբերականի փոխանցմամբ, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ բացարձակապես շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Ադրբեջանը պատերազմ է ուզում, իսկ Ղարաբաղի հայերը՝ խաղաղություն:

Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հասկանան. Ղարաբաղի հայերը երբեք չեն ապրի նրանց ղեկավարության ներքո:

Բաքուն պետք է վերջապես հասկանա, որ առանց խաղաղ բանակցությունների որեւէ լուծում հնարավոր չէ:

Ժամանակ է, որպեսզի միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, Ադրբեջանին հարկադրի նստել բանակցությունների սեղանի շուրջ:

CCAF-ը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝

- Ադրբեջանին պահել հրադադարի մասին համաձայնագրի սահմաններում;

- վերսկսել բանակցային գործընթացը՝ նոր գագաթաժողով կազմակերպելով Փարիզում;

- անել հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի բանակի հանցագործություններից Ղարաբաղի հայ բնակչությանը պաշտպանելու համար»: