Ամերիկյան տնտեսությունում «ֆինանսական փուչիկ» է ձեւավորվել եւ երկիրն ընթանում է «շատ լուրջ տնտեսական լճացման» ուղիով։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը։

«Ես կարծում եմ, որ մենք նստած ենք տնտեսական փուչիկի վրա։ Ֆինանսական փուչիկի վրա»,-հայտարարել է Թարմփը՝ Washington Post թերթին տված հարցազրույցում, պարզաբանելով, որ խոսքը ոչ թե կոնկրետ ոլորտի մասին է, այլ տնտեսության մասին ընդհանրապես։

Նրա խոսքով, առավել լավատեսական տնտեսական կանխատեսումները հիմնված են եղել գործազրկության մակարդակի եւ ֆոնդային բորսաներում ակտիվների գների մասին խեղաթյուրված տվյալների վրա։

Միաժամանակ, Թրամփը վստահաբար պնդել է, որ ինքն ունակ է կարգի բերել իրավիճակը։ Նա խոստացել է, որ եթե դառնա ԱՄՆ նախագահ, երկիրը կկարողանա ազատվել արտաքին պարտքից, որը կազմում է ավելի քան 19 տրլն դոլար։