Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների` Կոտայքի մարզում ակտիվացել են մարզպետ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնանկության մասին լուրերը։ «Մարզում արդեն խոսում են, որ մարզպետին քիչ է մնացել պաշտոնավարել։ Պաշտոնապես այս լուրը չի հաստատվում։ 2001-ից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանը ժամանակին տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ջանքերով է մարզպետ դարձել եւ համարվել է Հովիկ Աբրահամյանի մարդը։ Իսկ Հովիկ Աբրահամյանի մարդկանցից, ինչպես հայտնի է, վերջին շրջանում իշխանությունն ազատվում է»։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահականը «գրոհ» է նախապատրաստում Կոտայքի մարզի վրա։ «Արարատի մարզը Հովիկ Աբրահամյանի ձեռքից վերցնելու՝ մարզն «ապահովիկացնելու» օպերացիան իրականացնելուց հետո իշխանական ուժերը պատրաստվում են Հանրապետականի համար ավելի վերահսկելի դարձնել Կոտայքի մարզը, այլ կերպ ասած՝ սկսել Կոտայքի «ապածառուկյանացման» գործընթացը։

Կոտայքի մարզում այսօր բավական դժգոհություն կա մարզպետ Կովալենկոյից։ Միամտություն կլինի կարծել, թե մարզի բնակիչների դժգոհությունն է հետաքրքրում ՀՀԿ-ին, որ նա ուզում է փոխել ՀՀԿ-ական Կովալենկոյին։ Այդ պարագայում ՀՀԿ-ն մարզ չէր տանի տխրահռչակ ոստիկան Սաշիկ Աֆյանին։ ՀՀԿ-ին այսօր հետաքրքրում է մի բան՝ ապագա ընտրություններում Կոտայքից ձայներ ստանալը։ Հանրապետականին պետք է մարդ, որ կարողանա դեմ գնալ ծառուկյանական թիմին ու, ամենատարբեր լծակներ օգտագործելով, անհրաժեշտ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար։ Նաեւ հնազանդ կատարող լինի՝ զինվորական կարգապահությանը սովոր մարդ։Ուշագրավ է նաեւ այն, որ Աֆյանը թվով 5-րդ ոստիկան մարզպետն է լինելու հանրապետությունում»,-նկատում է թերթը: