Սիրիական բանակն ապրիլի 3-ի առավոտյան սկսել է գրոհել Էլ Կարատեյն քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետի ուղղությամբ: Գրոհը ձեռնարկվել է աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, արդեն հաջողվել է քաղաքի ծայրամասային մի քանի բնակելի թաղամասեր գրավել:

Հետեւակային զորքին միացել են նաեւ Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներն ու հրետանին: Քաղաքի մուտքի մոտ զինյալների տեխնիկան ոչնչացվել է:

Դաժան մարտեր են ընթանում քաղաքի հյուսիս-արեւելքում, հարավում եւ հարավ-արեւելքում: Ահաբեկիչների զինված ջոկատների մի մասը փորձում է փախչել դեպի քաղաքի մերձակա լեռները: