Հայաստանի կառավարությունն իր 2010-ի մարտի 18-ի որոշմամբ՝ «Ոստիկանության տնտեսական վարչության թիվ 1 մանկապարտեզը», որ 2006-ին անվանափոխվել է եւ կոչվում է «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, ուղղակի վաճառքի ձեւով օտարում է «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին: Հետաքրքրասերների համար նշենք որ այս տեղեկատվությունը զետեղված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում։ Տարածքը վաճառվում է «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին` մանկապարտեզի տեղում էլիտար շենք կառուցելու նպատակով: Հատկանշական է, որ մանկապարտեզի տնօրենը դժգոհ չէ կառավարության այդ որոշումից եւ պատրաստ է Երեւանի փոքր կենտրոնից տեղափոխվել այլ տարածք, որը թե տարածքով փոքր `, թե գտնվում է 9 հարկանի շենքի առաջին հարկում:
Փաստի մանրամասները ճշտելու եւ մանկապարտեզի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց «Երեխայի զարգացման կենտրոն»-ի տնօրեն Լուսինե Գալստյանի հետ։ Նա, նշեց, որ մանկապարտեզի շենքը ավելի քան 30 տարվա վաղեմություն ունի, եւ հավելեց, որ գործունեության ողջ ընթացքում շենքը ոչ մի անգամ չի հիմնանորոգվել: «Այս պայմաններում աշխատել շարունակելը սխալ է։ Հարցն այս կերպ լուծելը՝ այն է, շենքը մասնավոր ընկերությանն օտարելը, մեզ ոչնչով չի վնասում։ Մենք չենք լուծարվելու եւ շարունակելու ենք գործել այլ հասցեում՝ որոշ ժամանակ անց նույն այս հասցե վերադառնալու պայմանով»,- նշեց կենտրոնի տնօրենը՝ հավելով, որ իրենք ամենաուշը երկու տարի անց, այսինքն՝ մինչեւ նույն այդ տարածքում նորակառույց բնակելի համալիրի կառուցապատման ավարտը, վերադառնալու են Նալբանդյան 104 հասցե՝ զբաղեցնելով այդ նորակառույց շենքի առաջին հարկը։
«Նորակառույց համալիրի առաջին հարկն ամբողջությամբ տրամադրվելու է մեզ՝ լրիվ հիմնանորոգված եւ բարեկարգ վիճակում՝ անհրաժեշտ գույքով։ Ընդ որում, մեր մանկապարտեզը Սայաթ-Նովա փողոցի կողմից առանձին մուտք է ունենալու։ Այնպես, որ ավելորդ տագնապ բարձրացնելու կարիք չկա։ Մանկավարժական կոլեկտիվը շատ հանգիստ է ընդունել ժամանակավորապես տեղափոխվելու լուրը։ Մենք գիտենք՝ ուր ենք տեղափոխվելու. մեր կենտրոնը կրկին տեղակայված է լինելու Կենտրոն վարչական շրջանում՝ Խորենացի 47 հասցեում»,- ասաց Լուսինե Գալստյանը՝ տեղեկացնելով, որ դա առանձին շինություն չէ եւ գտնվում է 9 հարկանի շենքի առաջին հարկում։ «Մենք անընդհատ հետեւում ենք այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Գեղեցիկ, լուսավոր ու բարեկարգ տարածք է՝ լրիվ բավարար ներկայացվող պահանջներին։ Այնտեղ կտեղափոխվենք հոկտեմբերին, քանի որ շինարարությունը կավարտվի միայն այդ ժամանակ»,- տեղեկացրեց «Երեխայի զարգացման կենտրոն»-ի տնօրենը։ Դիտարկմանը, թե համարժե՞ք է, արդյոք, Խորենացի 47 հասցեում իրենց առաջարկվող հարկաբաժնի տարածքը կենտրոնի ներկայիս տարածքին, նա նշեց. «Տարածքները համարյա թե համարժեք են։ Ամբողջությամբ չէի ասի, սակայն մեր մանկապարտեզի ներկայիս տարածքի 100 տոկոսը չի էլ շահագործվում»։
Հարցին, թե տեղյա՞կ է, արդյոք, թե ո՞վ կամ ո՞ր ընկերությունն է տարածքի սեփականատերը կամ բնակելի համալիրի կառուցապատողը, Լուսինե Գալստյանն ընդգծեց, որ «նման մանրամասնություններով չի հետաքրքրվել, որովհետեւ ինքն ընդամենը մանկապարտեզի տնօրենն է եւ կատարում է իր մանակավարժական աշխատանքը»։ «Մնացած հարցերը կարգավորում են մեզանից բարձր ատյանները։ Սա գերատեսչական մանկապարտեզ է, հետեւաբար այս կարգի հարցերով զբաղվում է Ոստիկանությունը։ Նրանք համապատասխան իրավական վարչություն ունեն, եւ հենց այդ վարչության մասնագետներն էլ զբաղվում են տարածքը ձեռք բերող ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցերով։ Թե ո՞վ է ներկայացնում այդ ընկերությունը, ինձ չի հուզել. մենք այստեղ գործ ունենք արդեն պատրաստի որոշման հետ։ Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե տարածքը ձեռք է բերել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, բացարձակ անհիմն են։ Նրա անունն անհիմն է հոլովվել»,- ասաց Լուսինե Գասպարյանը։
Կենտրոնի տնօրենի խոսքով, բացի մանկապարտեզի շենքից, բնակելի նոր համալիրի կառուցապատման համար նախատեսվում է քանդել նաեւ շրջակա մի քանի շենքեր եւս։ «Իրականում դրա համար ուրախ են նաեւ այդ շենքերի բնակիչները։ Նրանք երկար տարիներ երազել են իրենց շենքերը քանդելու մասին, որովհետեւ անձրեւաջրերը տարիներով լցվում են նրանց տները։ Նրանք բոլորն անհամբեր սպասում են շենքի քանդմանը, այնինչ հարցի շուրջ անհարկի աժիոտաժ է սկսվել։ Ամեն ինչ իրականում ավելի հանգիստ է։ Այնպես որ մենք գոհ ենք մեր հետագա ճակատագրից»։
Վերջում «Երեխայի զարգացման կենտրոն»-ի տնօրեն Լուսինե Գալստյանը նշեց, որ մոտակա Կենտրոն վարչական շրջանի իրենց սաներին մանկապարտեզի նոր շենք կտեղափոխի հատուկ այդ նպատակով վարձակալված մեկ միկրոավտոբուս։
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մամուլում հերքել էր իր առնչությունն այդ տարածքի սեփականաշնորհմանը:
Անի Ղազարյան




























