Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակել է իր հանդիպումները Նյու-Յորքում մի շարք երկրների իր գործընկերների,   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ մասնակցել  ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Յանդրոկովիչի հետ եւ նրան է փոխանցել Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հետ եւ քննարկել հաջորդ ամիս Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները:

Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ հանդիպման ընթացքում վերջինս տեղեկացրել է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող աշխատանքները: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը Դրուցկասը նշել է, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում:  

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Սիրիայի իր գործընկերոջ հետ:  

Նույն օրը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել մեկ ամիս առաջ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին կայացրած որոշումների իրականացման գործընթացը, քննարկվեցին կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման աշխատանքները:

Սեպտեմբերի 23-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը: