Մարտի 1-ի սպանությունների հանգամանքների ուսումնասիրության լուծարված Փաստահավաք խմբի ընդդիմադիր նախկին անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին են ներկայացրել իրենց թվով 4-րդ զեկույցը: 2008 դեկտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսը Փաստահավաք խմբին էր ներկայացրել փաստաթուղթ, որում մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ չորս պատգամավորներ, որոնց` ըստ ներկայացնողի, մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ եւ 140 հատ գլխարկներ:
Կոնգրեսը պնդում էր, որ այդ տեղեկատվությունը ստացվել է հավաստի աղբյուրից, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր բացահայտում տեղեկատվության աղբյուրը: Միաժամանակ ՀԱԿ-ը համոզված էր, որ «նշված զինվորական համազգեստը օգտագործվել է փաստաթղթում նշված պաշտոնյաների եւ պատգամավորների կողմից մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով ստեղծված օրենքով չնախատեսված զինված միավորումներին հանդերձավորելու նպատակով»:
Փաստահավաքի 4-րդ զեկույցում Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը նշել են, որ Քոչարյանի առաջարկությամբ 2009թ փետրվարի 12-ին Փաստահավաք խումբը ողջ կազմով` նախագահ Վ. Ստեփանյան, անդամներ Գ. Թովմասյան, Ա. Քոչարյան, Ս. Սաֆարյան, Ռ. Ավագյան, որոշում է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստ` նպատակ ունենալով պարզել մարտի 1-ին վերը նշված քանակի զինվորական համազգեստի ապօրինի դուրս բերման փաստը: Ընդ որում, միջոցառման արդյունավետության նպատակով Ա. Քոչարյանի պնդմամբ այցելությունը կրել է անակընկալ բնույթ : Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին միայն ավտոմեքենայի մեջ, ճանապարհին է հայտնվել մեկնման նպատակակետը եւ պահեստի ելքի մատյանում նշված այն սպայի տվյալները, որի անվամբ դուրս է գրվել համապատասխան 950 հատ զինվորական կոստյումները եւ 140 հատ գլախարկները: Անդրանիկ Քոչարյանը Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանին ավտոմեքենայի մեջ նաեւ տեղեկացրել է, որ ՀԱԿ- ի կողմից ներկայացված փաստաթղթում մատնանշված քանակի համազգեստը, ըստ հավաստի, սակայն բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ, դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ:
Զեկույցում նաեւ նշված է, որ Փաստահավաք խմբի առաջ ծրագրավորած ու աննախադեպ խոչընդոտներ են հարուցվել: ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային ծառայության պետ` գնդապետ Նորիկ Յոլչյանը արգելել է Փաստահավաք խմբի անդամների մուտքը պահեստ հանդիսացող զորամասի տարածք` պատճառաբանելով, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի վերադասի հետ: Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը գնդապետ Ն. Յոլչյանին ներկայացրել է խմբի ստեղծման վերաբերյալ ՀՀ նախագահի կարգադրությունը` պահանջելով թույլ տալ խմբի անդամների մուտքը տարածք, սակայն գնդապետ Ն. Յոլչյանը հրաժարվել է ծանոթանալ փաստաթղթին, եւ խմբի անդամները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել իրային պահեստ` փաստի պարզաբանման հետ կապված համապատասխան ճշգրտումներ կատարելու համար: Ըստ զեկույցի հեղինակների՝ «ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը կարգադրել է թույլ չտալ Փաստահավաք խմբի անդամների մուտքը ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստ: Փաստահավաքի անդամներին արգելել են անեւ մուտք գործել թիվ-93353 զորամաս, որտեղ էլ հանձնվել է արդեն օգտագործված համազգեստը»:
Իրենց զեկույցի «Եզրակացություն» Փաստահավաք խմբի 2 անդամները նշում են, որ «խմբի անդամների մուտքն այս երկու զորամասերի տարածք արգելելը եղել է միտումնավոր, նախապես ծրագրավորած, քանի որ մատյաններում առկա գրառումների ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնար, որ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից Փաստահավաք խմբին ներկայացրած փաստը հավաստի է, եւ կհիմնավորվեր ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից զինվորական համազգեստի ապօրինի դուրս բերման եւ 2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների գոյության փաստը»:
Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը առաջարկել են Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ՀՀ իշխանությունների հասցեին ներկայացրած մեղադրանքի շուրջ:



















