Ամերիկյան հանրապետական կոնգրեսական Լինդա Սանչեսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հետեւել հրադադարի ռեժիմին եւ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Խստորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որի արդյունքում բազմաթիվ հայ զինծառայողներ եւ խաղաղ բնակիչներ են զոհվել: Բռնության այս սրումը սպառնում է տարածվել ամբողջ տարածաշրջանում՝ վերածվելով երկարատեւ եւ արյունալի հակամարտության: Ադրբեջանին կոչ եմ անում հետեւել հրադադարի մասին համաձայնագրին եւ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Լինդա Սանչեսը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։





























