«Որպես ավերիչ պատերազմից եւ օկուպացիայից տուժած երկիր, Ադրբեջանը հավատում է,  որ ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ստանձնած միջազգային նորմերն ու սկզբունքները` պետություների միջեւ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ, հսկայական նշանակություն ունեն միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից:

Ղարաբաղյան հակամարտությունն անվանելով կոնֆլիկտ`Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նա նշել է, որ դիմակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:  Այնուհետ  Ադրբեջանի նախագահը կրկին ապավինել է իր  հնամենի հռետորաբանությանը` կապված ԼՂ խնդրում Հայաստանի ունեցած մեղավորության մասին: Փոխարենը, ինչպես եւ սպասվում էր, նա ոչ մի խոսք չի ասել ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասին, որոնք խոչընդոտել են իրացնել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքներից մեկը` ինքնորոշման իրավունքը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ է ընդունել եւ իր լիակատար աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային  ամբողջականությանը`ընդունելով ուժի կիրառմամբ տարածքներ ձեռք բերելու անթույլատրելիությունը:  ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կառուցվածքային մաս, եւ կոչ է արել դուրս բերել օկուպացիոն ուժերը օկուպացված բոլոր տարածքներից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւ մյուս միջազգային կազմակերպությունները` ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը, Իսլամական Կոնֆերանսը, համանման բանաձեւեր են ընդունել: Ցավոք սրտի, չնայած միջազգային հանրության համաձայնեցված դիրքորոշմանը, ադրբեջանական տարածքները շարունակում են օկուպացված մնալ»,-հայտարարել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նշել է նաեւ, որ 2005 թվականին ԵԱՀԿ առաքելությունն, իբր թե, ընդունել է ԼՂՀ շուրջ  անվտանգության գոտում հայկական կողմի նպատակաուղղված  բնակեցումը, չնայած այդ առաքելությունը հավաստագրել է, որ  այդ տարածքներում պետք է բնակվեն միայն  Ադրբեջանից  մի քանի հազար հայ փախստականները, որոնք իրենց հայրենիքում էթնիկ զտումների են ենթարկվել:

Ցինիզմի գագաթնակետն է Ալիեւի այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանը ոչնչացրել է հայկական վերահսկողության տակ գտնվող  «ադրբեջանական հնագույն հուշարձանները»: Ալիեւը, որի բանակը «հերոսաբար» ոչնչացրել է Ջուղայի խաչքարերը, ինչը արձանագրված է բազմաթիվ  տեսագրություններում, մերկապարանոց հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի հասցեին, թե  իբր Հայաստանը փորձում է «վերացնել մշակութային եւ պատմական հուշարձանների ադրբեջանական արմատների վկայությունները»: