Նրանից, որ Ալիեւը հաճախ է «հալվա» ասում, բերանը չի քաղցրանա, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում:

«Իզուր է Ալիեւը Ղարաբաղի մասին խոսում տարբեր ամբիոններից, ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադբեջանի կազմում: Որքան շուտ հասկանա, այնքան ավելի լավ իր համար»,- ասել է Մելիքյանը: Ինչ վերաբերում է  Ալիեւի մշտական հայտարարություններին՝  իբր «օկուպացված ադրբեջանական տարածքների» եւ դրանց վերադարձման անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը պետք է հիշի, որ կան Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ, ավելի լավ է՝ Բաքուն մտածի դրանք հայկական կողմին վերադարձնելու մասին, նկատել է Մելիքյանը:

Մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից, թե միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում, Մելիքյանը նշել է, ո Բաքուն խճճվել է իր հայացքների եւ հայտարարությունների մեջ: «Դեռ մեկ ամիս առաջ, երբ ստորագրվեց Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը, Ադրբեջանի տարատեսակ բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես այդ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը մեղադրում էին ԱՄՆ-ին, Ռուսաստանին, անգամ միջազգային ողջ հանրությանը ղարաբաղյան հարցում հայկական կողմին միակողմանի աջակցելու մեջ»,- հիշեցրել է  պատգամավորը՝ տարակուսանք հայտնելով Բաքվի անընդհատ փոփոխվող դիրքորոշման համար: Ընդհանուր առմամբ Մելիքյանը խորհուրդ է տվել Ալիեւին ավելի շատ զբաղվել ներքին խնդիրներով եւ ոչ թե անիմաստ շրջագայություններ անել հեռավոր երկրներ եւ հանդես գալ փուչ հայտարարություններով:

Նշենք, որ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիեւը հայտարարել էր, թե ղարաբաղյան հարցը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ կրկին մեղադրել էր հայկական կողմին «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» մեջ: