Նիդեռլանդների Բողոքական Եկեղեցիների հրավերով սեպտեմբերի 21-24-ը Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական կոմիտեն իր տարեկան հանդիպումն է գումարել Հոլանդիայի Ուտրեխ քաղաքում:
Ժողովի ընթացքում լսվել են ԵԵԿ-ի գործող գլխավոր քարտուղարի, կառույցի «Եկեղեցիներն երկխոսության մեջ», «Եկեղեցի եւ Հասարակություն» եւ Միգրացիայի հարցերով հանձնախմբերի զեկույցները տարեկան գործունեության մասին: Կենտրոնական կոմիտեն քննել եւ հաստատել է Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի 2011 թ. աշխատանքային հրամայակաները, լսել ԵԵԿ-կառույցը վերակազմավորող հանձնախմբի զեկույցը եւ հանձնարարականներ տվեց հետագա աշխատանքների համար:
Կենտրոնական Կոմիտեն լսել է նաեւ ԵԵԿ-ի եւ Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսական Խորհրդի միջեւ համագործակցության հատուկ հանձնախմբի զեկույցը:
Կոմիտեի անդամները մտքեր են փոխանակել «Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի առաքելությունն այսօրվա աշխարհում» թեմայի շուրջ` հաստատելով, որ Կոնֆերանսը մի կառույց է, որտեղ եկեղեցիները իրենց ներկայացուցիչների միջոցով հանդիպում են միմյանց ավելի լավ ճանաչելու համար, ինչի միջոցով լսելի է դառնում ավելի փոքր Եկեղեցիների, խոցելի խմբերի ձայնը արդարության եւ խաղաղության հարցերի շուրջ: Նաեւ կարեւորվեց աշխարհում ԵԵԿ-ի կատարած ջատագովական աշխատանքը, ինչպես նաեւ կազմակերպած աստվածաբանական քննարկումները:
Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսը ընտրել եւ հաստատել է 2013թ. համաժողովը նախապատրաստող հանձնախմբի անդամներին: Սեպտեմբեր 23-ի երեկոյան Կենտրոնական Կոմիտեի անդամները հանդիպել են Հոլանդիայի Եկեղեցիների ներկայացուցիչներին, որոնց մեջ էր նաեւ Հոլանդիայի հոգեւոր հովիվ Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյանը, ով ներկաներին տեղեկություններ է հայտնել Հոլանդիայի հայ համայնքի եւ գործող հինգ ծխերի հոգեւոր կյանքի ու էկումենիկ կապերի մասին:
Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական Կոմիտեի հանդիպմանը մասնակցել է այդ կառույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ով նաեւ Կոնֆերանսի նախագահ Ֆրանսիայի Էմանուել միտրոպոլիտի հետ ընտրվել է նոր գլխավոր քարտուղարի ընտրության հանձնախմբում:





























