«Առավոտը» մի ուշագրավ ու «ռազբորկաներով» լի մի պատմություն է ներկայացնում, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Արարատ քաղաքի կենտրոնում: Ստորեւ ներկայացնում ենք այդ պատմությունը:
«Արարատի գլխավոր փողոցի վերանորոգումից հետո անգործությունից հիմնականում պարապ-սարապ թրեւ եկող քաղաքի «ոսկի երիտասարդության» սիրելի գբաղմունքներից մեկն էլ դարձել է այդ փողոցում «գոնկաների» կազմակերպումը։ Դա, բնականաբար, դուր չի եկել արարատցիներին, իսկ այն բանից հետո, երբ ավտովթարի հետեւանքով մի երիտասարդ է զոհվել, Արարատում բնակվող քրեական հեղինակությունները որոշել են ջահելներին կարգի հրավիրել։ Հետաքրքիր է, որ շրջանառվող խոսակցություններում քաղաքի ոստիկանության անունը չի շոշափվում, մինչդեռ հենց այդ մարմնի բուն գործառույթներից մեկն էլ հենց վեճի առարկա հարցն է։ Առաջին «ապտակը» բաժին է ընկնում 25-ամյա Արսենին, ով նորանորոգ փողոցում մեքենան վարում է արագությունը գերազանցելով։ Նրան կանգնեցնում է քրեական հեղինակություն Սամվելը, ով հայտնի է «Չոմբե» մականունով, ու սկսում «ջահելի» հետ բարոյախրատական թեմաներով «զրույց տանել» այն մասին, թե ինչու չի կարելի մեքենան արագ վարել, եւ ինչու է անհրաժեշտ պահպանել երթեւեկության կանոնները։ Խրատը Արսենին դուր չի գալիս։
Արսենը, «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, Վազգեն Սարգսյանի ընտանիքի բարեկամն է, եւ ժամանակին, երբ այդ ընտանիքն Արարատում «հարց լուծող» էր, վայելում էր նրանց հովանավորությունը։ Չոմբեի խրատից «մանթո» Արսենը շտապում է ընկերների մոտ, ովքեր սովորաբար հավաքվում են Արարատի հուշարձանի մատույցներում գտնվող սրճարանում, որը պատկանում է մեկ այլ Արսենի։ Սրճարանի տեր Արսենն էլ, մեր աղբյուրի հավաստմամբ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ջերմ երկրպագուն եւ անցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է։ Մի քանի ժամ անց Արսեններն իրենց համակիրների բանակով ներխուժում են «Չոմբեի» սրճարանը, որը գտնվում է քաղաքի մյուս ծայրում, եւ ծեծկռտուք սարքում այնտեղ։ Գույժը հասնում է «չոմբեականներին»։ Գիշերն արդեն Արարատը վերածվում է մարտի դաշտի։ Մոտակա գյուղերից օգնության են հասնում նաեւ երկու բանակների խնամի-ծանոթ-բարեկամները՝ «զինված» ով ինչով կարող է՝ քար, փայտ, երկաթյա ձողեր, դանակներ։ Ոստիկանական մեքենաների երեւալուն պես բոլորը փախչում են։ Միջադեպի արդյունքում որովայնի հատվածում սուր, ծակող գործիքից ստացած ծանր մարմնական վնասվածքներով Արարատի հիվանդանոց է տեղափոխվում Արարատի բնակիչ, 22-23-ամյա Ռոմիկ անունով մի երիտասարդ։ Բժիշկներին հաջողվում է փրկել երիտասարդի կյանքը։ Այժմ նրա բուժումը շարունակվում է երեւանյան հիվանդանոցներից մեկում։ Արսենները ձերբակալված են։ Միջադեպից մի քանի օր անց ձերբակալվել է նաեւ «Չոմբեն»։ Այդ մի քանի օրը նա թաքնվել է Երեւանում՝ իր քեռորդիների մոտ։ Վերջիններս Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող DDD մարզասրահի տերերն են։
Վարկած կա, սակայն, որ այս անմեղ միջադեպը հատուկ է «սարքված»՝ «Չոմբեին» «լիկվիդացնելու» նպատակով։ Իսկ հովանավորները էջմիածնեցի քրեական հեղինակություններ են։ Քրեական հեղինակություն գոռավանցի Մարսոյի մահից հետո արարատյան քրեական կլանը ենթարկվում էր «Չոմբեին»։ Մարսոյին դաժանաբար սպանեցին մեկ տարի առաջ՝ երեխան գրկին, սեփական տան առաջ կանգնած։ Նրա թաղման արարողությանը մասնակցում էր նաեւ եզդի քրեական հեղինակություն «Դեդ Հասանը», ում վրա վերջերս իրականացված մահափորձը եւ դրա հետ կապված մանրամասները չեն իջնում լրահոսների առաջին էջերից։ Թե ի՞նչ հաշիվներ են ունեցել էջմիածնեցի քրեական հեղինակությունները «Չոմբեի» հետ, որ որոշել են նրան պատժել՝ «Առավոտին» չհաջողվեց ճշտել։ Բայց, մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցը հասել է գեներալ Մանվելին։ Վերջինս իր մոտ է հավաքել Էջմիածնեցի քրեականներին, վրաները մատ թափ տվել եւ հայտարարել, թե ով «Չոմբեի» հետ հարց ունի, ուրեմն իր հետ հարց ունի։ Ասում են, որ խորհրդային տարիներին գեներալն ու «Չոմբեն» իրար հետ նստած են եղել երկու տարի, ու նրանց մտերմությունը վաղուցվա պատմություն ունի։
Կրքերն Արարատում դեռ հանդարտված չեն, կռվի մասնակիցներից շատերը դեռ փախած են քաղաքից, շատերին էլ խորհուրդ չեն տվել միայնակ տանից դուրս գալ։ Չի բացառվում, որ հաշվեհարդարների շարանը շարունակվի։ Քաղաքում արտաքուստ հանդարտ իրավիճակ է, սակայն բոլորը համոզված են, որ այս հարցը ոստիկանության իրավասության շրջանակով չի ավարտվի, այլ իր տրամաբանական հանգուցալուծումը կստանա քրեական օրենքներով»։




























