Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան նախանշված պաշտոնական այցը կկայանա նախկինում համաձայնեցված ժամկետներում (ապրիլի 7-ին): Այցի ավարտին Մեդվեդեւը կմեկնի Բաքու (ապրիլի 8-ին): ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումը, Երեւանի փոխարեն, կկայանա Մոսկվայում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան:
«Առաջիկայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց կունենա հայաստանցի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ: Սպասվում է, որ Դմիտրի Մեդվեդեւը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իր գործընկերոջը կտեղեկացնի ներկայում ԵՏՄ-ում նախագահող Ղազախստանի առաջարկին համաձայնելու՝ Ռուսաստանի պատրաստակամության մասին, որը վերաբերում է ԵՏՄ գագաթաժողովը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելուն»,- նշել է Տիմակովան:
Մեդվեդեւի՝ Երեւան այցելության մասին հայտարարվել է մարտի 24-ին, մինչեւ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի թեժացումը: Նշվում էր, որ մի շարք հարցերի շուրջ բանակցելուց բացի, նախանշված է միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում:
Ենթադրվում էր նաեւ, որ ապրիլի 8-ին Ռուսաստանի վարչապետը Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:





























