Սեպտեմբերի 18-19-ը Հայաստանում անցկացված «Եվրոպական ժառանգության օրերին» մասնակցել է 36 թանգարան։ Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ծրագրի ազգային համակարգող Մարինե Մկրտչյանը։ Նրա խոսքով, ծրագրի շրջանակներում Հայաստանի մի շարք թանգարաններում կազմակերպվել են ցուցահանդեսներ եւ մշակութային այլ միջոցառումներ։
«Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում» մեկնարկել է շաբաթ օրը` «Երեւանը լուսանկարներում. Անցյալը եւ ներկան» ցուցահանդեսով, որն անց է կացվել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հարեւանությամբ գտնվող զբոսայգում։ Նկարները տրամադրել էր Երեւանի պատմության թանգարանը։ Գաֆեսջյան կենտրոնի «Արծիվ» սրահում ներկայացվել էր հայտնի չեխ արվետսագետներ Լիբենսկի եւ Բրիխտովի «Քաղաքի կոնտուրները» աշխատանքների ցուցադրությունը։
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում էլ ներկայացված էր նկարչուհի Գոհար Գաբրիելյանի նկարներն ու հագուստներն՝ արված անգլիական դենդիիզմի ոճով։
«Ցուցահանդեսը շատ հետաքրքիր էր։ Մեզ ներկայացված ցուցանմուշները ներկայացնում էին դենդիզմի ոճը անցած դարի սկզբին։ Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Շիրվանզադե, Ռուբեն Սեւակ։ Նրանք բոլորն այդ ոճի հետեւորդներն էին»,-նշեց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Հարոյանը: Մեր նպատակն էր ապացուցել, որ մեր մտավորականությունը եվրոպական արժեքների կրողն է եղել»,-ասաց Եղիշե Չարենցի անվան թանգարանի տնօրենը։
Նշենք, որ «Եվրոպական ժառանգության օրերը», որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի կողմից, անց է կացվում 1999 թվականից, շուրջ 50 երկրում, ովքեր վավերացրել են եվրոպական մշակութային կոնվենցիան։ Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերն» անց է կացվում 2003 թվականից։



























