Հոկտեմբերի 5-ին աշխարհում նշվում է Ուսուցչի տոնը։ Հայաստանում տոնը, կառավարության 2001 թ. որոշմամբ, մինչ վերջերս նշել են հոկտեմբերի առաջին կիրակին, սակայն վերջին օրենսդրական փոփոխությամբ, որոշվել է պահպանել ՅՈՒՆԵՍԿՈ-ի սահմանած տոնացույցը։ Այսօր` սեպտեմբերի 24-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունից գումար խնդրեց՝ տոնը հավուր պատշաճի նշելու համար։ Գումարի ընդհանուր չափը դեռ չի հրապարակվել, սակայն արդեն հայտնի է, որ առնվազն 2 ուսուցիչների մեքենա կնվիրեն։ Ընդ որում՝ Ա. Աշոտյանն առաջարկեց ոչ թե «Ժիգուլի 07» նվիրել, որն արժե մոտ 10 հազ դոլար (3,6 մլն դրամ), այլ «Հոնդա», որն ավելի էժան է եւ որակով։ Խնայողությունը, ըստ Աշոտյանի՝ կկազմի յուրանչյուր մեքենայից 2 հազ. դոլար։

Այս հարցը կառավարությունում այսօր որոշ քննարկումների առիթ դարձավ։ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տոնական միջոցառման կազմակերպումը հանձնարարել ոչ թե առեւտրային կազմակերպությանը, այլ մշակույթի նախարարությանը, քանի որ՝ «միջոցառումը կարող է 1 օր կամ 7 օր տեւել, բայց 9 ամիս աշխատավարձ կտան»։ Այս առաջարկությունը վարչապետի կողմից չընդունվեց, քանի որ, ըստ Տ. Սարգսյանի՝ նախարարությունները չպետք է զբաղվեն միջոցառումների կազմակերպմամբ, նրանց հիմնական խնդիրը քաղաքականություն մշակելն է։ Իսկ որպեսզի ՎՊ նախագահի մոտ կասկածները վերանան, վարչապետը նրան խոստացավ կատարված ծախսերի վերաբերյալ բոլոր հաշվետվությունները տրամադրել։

Հաջորդ առաջարկությունը պատկանում էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։ Նրա կարծիքով՝ սփյուռքի ուսուցիչները նույնպես պետք է պարգեւատրվեն, եւ ընդհանրապես՝ սփյուռքի դպրոցներին պետք է ընդգրկել տոնական միջոցառումների ցանկում։ Սակայն այս առաջարկությունը նույնպես վարչապետի կողմից հիացմունքով չընդունվեց։ Նրա խոսքով՝ սփյուռքի նախարարության սուրբ պարտականությունն է առաջարկություններ ներկայացնել, թե ինչպես սփյուռքի դպրոցներին ներգրավել այդ միջոցառումներում, սակայն այդ առաջարկությունները պետք է կատարվեն սահմանված ընթացակարգերով եւ ավելի հիմնավոր։