Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման բանակցությունների երրորդ կողմ անվանել հնարավոր չէ, այլապես նման ձեւաչափով կողմերը պարզապես չեն կարողանա ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել: Այդ մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության  տնօրեն Անդրեյ Կելինը:

«Իսկապես, Երեւանը նախկինում իր պայմաններում առաջ էր քաշում Ղարաբաղի պարտադիր մասնակցությունը բանակցային գործընթացին: Բայց դա այն փուլում էր, երբ Հայաստանում հիմնականում կարծում էին, թե Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս, կամ լիովին անկախ պետություն: Եւ որոշ նախագահների օրոք, անունները չտամ, որոշվել է, որ ավելի լավ է յոլա գնալ առանց դրա, քանի որ դա ոչ կառուցողական մթնոլորտ է ստեղծում: Երկու կողմերը կարող են պայմանավորվել, իսկ նման ձեւաչափով պայմանավորվել հնարավոր չէ»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ աշխատակիցը: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իշխանության գալով, հայտարարել, որ ինքը բանակցություններում կներկայացնի նաեւ Ղարաբաղը, որից հետո, ԼՂ-ն դադարել է լինել բանակցային լիիրավ կողմ:

Կելինի խոսքով, ներհայկական քննարկումներում Ղարաբաղը այդուհանդերձ բանակցություններում քաղաքական դիրքորոշման մշակման սեգմենտ  է. «Բայց նրան ուղղակիորեն կողմ ասելը պարզապես անհնար է: Քանի որ Ադրբեջանը կարծում է, որ դա իր տարածքն է, եւ ոչ մի համաձայնագիր, ոչ մի փաստաթուղթ չի կարող պատրաստվել նման կերպ»:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ կատարելիք գնահատման  առաքելության մասին՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նկատել է, որ իր գերատեսչությունում դրա հետ մեծ հույսեր չեն կապում: Նա հիշեցրել է, որ առաքելության իրականացումը այն պայմաններից մեկն էր, որով Ադրբեջանը հանում է ՄԱԿ ԱԽ-ից Հայաստանի դեմ իր բանաձեւի քննարկումը, որը կարող էր սրել իրավիճակը: «Միջնորդ երկրները կանցկացնեն այդ առաքելությունը, կտեսնեն, թե ինչպես են գործերը, բայց ավել բան չենք ակնկալում: Բանը ոչ թե առաքելության, այլ սահմանին էսկալացիայի դադարեցման մեջ է, պետք է սկսել քննարկել լարվածության հանումը տարածաշրջանից»,- ամփոփել է Կելինը: