Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող  խորհուրդը որոշել է անվստահություն հայտնել Ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:  Խորհուրդը սեպտեմբերի 16-ին նիստ է հրավիրել, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է  Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի գործելաոճը եւ որոշվել է անվստահություն հայտնել վերջինիս` էթիկայի կանոնների խախտման, իրավասությունների գերազանցման, ապատեղեկատվության տարածման, հաշվետվողականության սկզբունքների խախտման պատճառով: Այս մասին ասված է սեպտեմբերի 23-ին ԱԳՀԱՊ խորհրդի տարածած հաղորդագրությունում:

Որոշվել է նաեւ ժամանակավորապես ստեղծել Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահի պաշտոն եւ համակարգող խորհրդի նախագահի պաշտոնակատար ընտրել համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին:

Անդրադառնալով ԱԳՀԱՊ խորհրդի որոշմանը` Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է.  «Կոնֆլիկտը իմ եւ համակարգող խորհրդի մի շարք անդամների միջեւ ծագեց այնտեղից, որ նրանից մի քանիսը չէին ընտրվել Քաղաքացիական հասարակության ֆորումի բեռլինյան հանդիպմանը, որը պետք է կայանա նոյեմբերին, եւ այդ կոնֆլիկտն, ի վերջո, մի շարք վեճերից հետո, որպես արդյունք` ստացավ իմ հրաժարականը համակարգող խորհրդի անդամությունից»:  NEWS.am-ը փորձեց լրացուցիչ մեկնաբանություն ստանալ Նավասարդյանից, սակայն նա Հայաստանում չէ: Վերադառնալուն պես Նավասարդյանը, որը անհիմն է որակել իրեն հասցեագրված մեղադրանքները, խոստացել է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ:  

Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիկտոր Ենգիբարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԱԳՀԱՊ խորհուրդը նման որոշում է կայացրել, քանի որ Բորիս Նավասարդյանը անհիմն վիրավորանք է հասցրել խորհրդի անդամներից մեկին: «Բացի այդ նա Բրյուսելում, որտեղ ԱԳՀԱՊ համաեվրոպական խորհուրդն է հավաքվել, չի ներկայացրել հայաստանյան խորհրդի շահերը, այլ`իր շրջանակում գտնվող հասարակական կազմակերպությունների շահերը: Բացի այդ, հաշվետվողականության սկզբունքների խախտում է տեղի ունեցել. մենք պարոն Նավասարդյանին խնդրեցինք, որ նա հաշվետվություն ներկայացնի իր կոորդինացիայի վերաբերյալ, սակայն նա նշեց, որ ինքը հաշվետու չէ մեզ, չնայած ընտրվել է մեր կողմից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նավասարդյանի այն հայտարարությանը, թե կոնֆլիկտը ծագել է Քաղաքացիական հասարակության ֆորումի բեռլինյան հանդիպման պատճառով, Ենգիբարյանն ասաց. «Համակարգող խորհրդի 20 հոգանոց թիմը, ըստ մեր մշակած կանոնների, պետք է մասնակցեր նաեւ բեռլինյան նիստին: Փոխանակ պարոն Նավասարդյանը պաշտպաներ համակարգող խորհրդի առաջարկները, նա իր անձնական շրջապատից մի քանի կազմակերպությունների համար էր լոբբինգ արել, ինչի պատճառով պլատֆորմի մաս կազմող մի քանի շատ լուրջ կազմակերպություն արհեստականորեն դուրս էր մնացել Բեռլինի նիստի մասնակիցների ցանկից: Եւ այժմ Բեռլին գնացող կազմակերպությունների մեջ կան այնպիսիք, որոնք ընդհանրապես կապ չունեն պլատֆորմի հետ:

Այսինքն, պլատֆորմի ձախողումը գալիս է նրանից, որ   պլատֆորմի անդամ 150 կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ընտրում են 20 հոգանոց խորհուրդ, ոչ մի ազդեցություն չունեն, քանի որ ում էլ ընտրեն, մեկ է`Բորիս Նավասարդյանն է որոշելու, թե ով է մասնակցելու պլատֆորմի ընդհանուր ժողովներին»:

ԱԳՀԱՊ խորհրդի նախագահի պաշտոնակատարը հայտարարեց նաեւ, որ Բորիս Նավասարդյանն անընդհատ հայտարարում էր, թե պլատֆորմը ձախողված է,  քանի որ այդտեղ անհաշտություն է տիրում:  «Սակայն միակ անհաշտությունը որը եղել է, իր անձի հետ է կապված եղել:

Պլատֆորմը շատ հանդուրժողական մթնոլորտում աշխատում է, բոլորս ունենք շատ բարի եւ ընկերական հարաբերություններ: Եւ այսքանից հետո առնվազն անբարոյական է հայտարարել, որ պլատֆորմը տապալվում է»:

Նշենք, որ  որ Ազգային պլատֆորմը բաղկացած է 150 կազմակեպությունից: Պլատֆորմի նախագահն ընտրվում է պլատֆորմի կողմից, մեկ տարի ժամկետով: Պլատֆորմի նիստը տեղի է ունենալու նոյեմբերին: