Արցախի նախագահը համաձայն չէ բոլոր նրանց հետ, որոնք ղարաբաղյան հիմնախնդիրը որակում են որպես տարածքային վեճ։ Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ հիմնախնդիրը ծնվել է մեկ դար առաջ՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:

«Մեր հայրենիքը մասնատվեց, եւ 1921թ. մեր հայրենիքի մի մասը հայտնվեց մեզ համար խորթ երկրի կազմում, այն ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան պետության կազմում»,- նշել է Սահակյանը։

Նրա խոսքով, մինչեւ 1988 թվականի արցախյան ազատագրական շարժումը հայ ժողովուրդը, Արցախի հայությունը չէր համակերպվել այդ բռնի եւ անօրեն որոշման հետ։ «70 տարիների ընթացքում մենք փորձել ենք այդ որոշումը բողոքարկել։ Այդ տարիներին բազում ջանքեր ենք գործադրել՝ վերականգնելու պատմական արդարությունը։ Դա մեզ չի հաջողվել մինչեւ 1988թ. ազատագրական շարժումը։ Երբ մենք արցախյան շարժման շնորհիվ ձերբազատվեցինք գերությունից՝ համամարդկային արժեքների համաձայն, այդ շրջանում հավատարիմ ենք մնացել ժողովրդավարական երկիր կառուցելու գործին: Այս ընթացքում արժանացել ենք տարբեր երկրների առաքելություն իրականացնողների բարձր գնահատականներին»,- ասել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ արցախցին իր ձեռքբերումները իրականացրել է մի ձեռքում ունենալով զենք, մյուսում՝ գյուղատնտեսական գործիք՝ հաց ստանալու համար։ 

Բակո Սահակյանը նաեւ նշել է, թե Ադրբեջանն ի սկզբանե աղավաղված է ներկայացրել հիմնախնդիրը։ «Նրանք ամեն անգամ հարցը ներկայացնում են հիստերիայով։ Մենք պայքարում ենք հայրենի երկրի համար։ Այսօր հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար։ Մենք այդ պայքարի  առաջամարտիկներն ենք, գիտակցում ենք, որ յուրահատուկ առաքելություն ենք իրականացնում, եւ այդ նույն գիտակցությամբ էլ շարունակելու ենք մեր առաքելությունը»,- ասել է նա եւ հավելել. «Պատրաստ ենք զոհաբերվելու, պատրաստ ենք զրկանքներ կրելու՝ հնարավորություն ունենալու՝ վերջնական ազատություն ձեռք բերելու»։