Արցախի հերոսական բանակը՝ ՊԲ հրամանատարի գլխավորությամբ, փառքով կատարել է նախագահի հրամանը։ Այդ մասին Ստեփանակերտում, ԼՂՀ ՊՆ օպերատիվ իրազեկման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Նա ներկայացրել է, թե որտեղ է եղել ապրիլի 1-ի գիշերը, երբ սկսվեց ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։ «Բոլոր նրանք, որոնք տեղյակ են մեր աշխատանքային առօրյային, գիտեն, որ մենք չենք սահմանափակվում դասական պարտականությունների իրականացմամբ։ Շատ դեպքերում աշխատանքը ավարտվում է ուշ գիշերը։ Այդ օրը գտնվել ենք իմ աշխատասենյակում գիշերը ժամը 1։15-ին, քանի որ ունեինք տեղեկություն, որ հակառակորդը որոշակի շարժ է իրականացնում, եւ այդ տեղեկությունը արժանացել էր իմ ուշադրությանը: Հրավիրել էի բանակի հրամանատար գեներալ Մնացականյանին, ԱԱԾ տնօրեն գեներալ Ղարամյանին, ոստիկանապետ Աղաջանյանին, եւ քննարկել ենք հակառակորդի որոշակի շարժերը»,- ասել է Սահակյանը եւ հավելել. «Քանի որ մենք վերջին շրջանում գտնվում էինք հակառակորդի կողմից հրադադարի ակտիվ խախտման պայմաններում, այդ տեղեկությունը ընդունել ենք որպես հերթական գործողություն, եւ մեր մյուս գործողությունը ընկալել ենք որպես լոկալ հատվածում սպասվող հերթական զարգացում»։
Դրանից հետո ՊԲ հրամանատարը, այնուամենայնիվ մեկնել է իր աշխատասենյակ, եւ սկսել է լրացուցիչ ստուգումներ իրականացնել։ «Հակառակորդը գիշերը ժամը 3-ին սկսելով լայնածավալ գործողությունները՝ հնարավորություն չի տվել օգտագործել մեր բոլոր միջոցները՝ իրավիճակը գնահատել որպես լայնածավալ ռազմական գործողություններ։ Այն պահից երբ ես հայտնվել եմ ՊԲ հրամանատարական կետում, ծանոթանալով իրավիճակին, տվել եմ ցուցումներ, հանձնարարականներ, տվել եմ հրաման ՊԲ հրամանատարին կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել հակառակորդի գործողությունները կասեցնելու միջոցառումներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա կենդանի ուժն ու տեխնիկանւ»,- ասել է Բակո Սահակյանը՝ հպարտությամբ հավելելով. «Այդ հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Արցախին օգնության հասած կամավորական ջոկատները, աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենիքի զավակները։ Այդ առաջադրանքը փառքով կատարվել է ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ»։





























