Ժամկետային զինծառայող Անդրանիկ Խաչատրյանը 2 օր շարունակ վիրավոր ուսով կռվել է հակառակորդի դեմ եւ բժիշկների օգնությանն է դիմել միայն այն ժամանակ, երբ զգացել է, որ թեւը չի կարողանում շարժել: Այս մասին զինծառայողը պատմել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում:
«Հակառակորդը սկսեց մեզ վրա կրակել, վազում էի թաքստոց, այդ պահին ինձանից մի փոքր հեռու ական պայթեց, որի բեկորներից մեկը վիրավորեց թեւս: Սկզբում ուշադրություն չէի դարձնում վերքին ու ցավերին, նույնիսկ չեմ էլ ասել, որ վիրավոր եմ, որովհետեւ չէի ցանկանում դժվար պահին հեռանալ ընկերներիցս: Հետո, երբ տեսա, որ այլեւս թեւս չեմ կարողանում շարժել, նոր դիմել եմ բժիշկներին»,- ասել է Անդրանիկ Խաչատրյանը, որը բուժում է ստանում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում:
Զինծառայողի խոսքով՝ ապաքինվելուն պես վերադառնալու է ծառայության:
Նշենք, որ Ստեփանակերտի հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակը աստիճանաբար բարելավվում է եւ մոտ 20 օրից նրանցից շատերը կվերադառնան շարք ու կշարունակեն զինվորական ծառայությունը:





























