Ռուսաստանը ոչ միայն չի խուսափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պատասխանատվության իր բաժնից, այլեւ առավելագույն մասնակցում է այդ գործընթացին: Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Ռուսաստանի դերն ակնհայտ է, քանի որ մենք Մինսկի խմբի անդամ ենք, մենք համանախագահող երկիր ենք, երբեք չենք խուսափել պատասխանատվությունից: Երբ այս ամենը տեղի ունեցավ, նախագահն անմիջապես զանգահարեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ Հայաստանի նախագահ Սարգսյանին, ներկայացրեց մեր դիրքորոշումը, կողմերին կոչ արեց խաղաղվել, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, խորհրդակցություններ սկսել, հրադադար հայտարարել: Բնականաբար, այդ ջանքերը շարունակվեցին»,- Բաքվում լրագրողներին հայտարարել է Մեդվեդեւը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նպատակ ունեն հարթել գոյություն ունեցող տարաձայնությունները եւ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

«Գլխավորը, որ կարողացա պարզել. երկու կողմերն էլ՝ երկու երկրների ղեկավարները, նպատակ ունեն առավելագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, գոյություն ունեցող տարաձայնությունները, վերջերս տեղի ունեցածի բոլոր տխուր հետեւանքները փորձել հարթել բանակցությունների սեղանի շուրջ: Հույս ունեմ, որ այս դիրքորոշմանը կհետեւեն նաեւ ապագայում»,- հայտարարել է ՌԴ վարչապետը: