Ապրիլի 9-ի դրությամբ Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում վիրավորված 36 զինծառայող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։
Նրա խոսքով՝ նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ ծանր։ «Մյուսների վիճակը բավարար է եւ բավարարին մոտ։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու զինծառայողները ժամկետային զինծառայողներ են, իսկ երկուսը՝ պայմանագրային զինծառայողներ են»,- նշել է Արամ Ասատուրյանը։
Վիրավորված Հրայր Բաղդասարյանի վիճակը, որը ծայրահեղ ծանր վիճակում էր, արդեն գնահատվում է որպես ծանր, նկատվում է դրական դինամիկա։ «Այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողների թիվը պակասում է»,- ընդգծել է հոսպիտալի պետը։





























